Պետության տիպաբանությունը


Կոնկրետ պատմական ժամանակաշրջանի պետության առանձնահատկությունները սահմանվում են հասարակության զարգացման վիճակով և մակարդակով: Չփոխելով իր ձևական հատկանիշները / տարածք, հրապարակային իշխանություն, ինքնիշխանություն/  պետությունը հասարակական զարգացմանը զուգընթաց ենթարկվում է լուրջ փոփոխությունների: Փոխվում են կառավարման բովանդակությունն ու եղանակները,նպատակները,խնդիրներն ու սոցիալական ուղղվածությունը:  Պետականության բնույթի և պետական կառուցվածքի վրա ազդում են բնակչության ազգային կազմը,նրա մշակույթի առանձնահատկությունները,տարծքի չափերը,աշխարհագրական դիրքը, ժողովրդի մեջ արմատացած սովորություններն  ու ավանդույթները, կրոնական հայացքները և այլ գործոններ:

Տարբեր ժողովուրդների մոտ տարբեր պատմական ժամանակաշրջաններում  պետականորեն կազմակե պված հասարակական զարգացման պատմական ժամանկների առանձնահատկությունները այդուհանդերձ թույլ են տալիս բացահայտելու տվյալ ժամանակաշրջանի բոլոր պետությունների համար բնութագրական հիմնական ընդհանուր գծերը: Այդպիսի ընդհանրացման առաջին փորձերը , չնայած պետական շինարարության պատմական փորձի բացակայությանը,արել են Արիստոտելը և Պոլիբիոսը:

Արիստոտելը գտնում էր,որ պետության սահմանազատման հիմնական չափանիշներն են .1. պետության մեջ իշխողների քանակը, 2. պետության կողմից իրականացվող նպատակը: Առաջին հատկանիշով նա տարբերակում էր մեկի կառավարումը, մի խումբ մարդկանց կառավարում, և մեծամասնության կառավարում: Ըստ երկրորդ հատկանիշի բոլոր պետությունները բաժանվում էին ճիշտ / նրանցում հասկանում են ընդհանուր բարօրություն/ և սխալ / նրանցում հետապնդվում են մասնավոր նպատակներ/ պետությունների: Արիստոտելը պետությունների գլխավոր տարբերությունը տեսնում էր նրանում , թե նրանցում ինչ տեղ է զբաղեցնում մարդը,ինչ չափով է պետությունը ապահովում յուրաքանչյուրի ազատությունն ու անհատական շահերը:

Պոլիբիոսը ասում էր,որ պետության զարգացումը , նրա տիպերի / տարատեսակների/ փոփոխությունը բնության կողմից սահմանված բնական գործընթաց է: Պետությունը զարգանում է ըստ անսահման շրջանի , որն ընդգրկում է ծագման, կազմավորման, ծաղկման, անկման և վերացման փուլերը: Այս փուլերը փոխանցվում են մեկը մյուսինև ցիկլը կրկնվում է նորից: Պոլիբիոսը գտնում էր,որ պետության զարգացումը ,նրա նորացումը և փոփոխվելը փակ շրջան է: Պատմությունը վկայում է,որ ցիկլայնությունը հասարակության պետական-կազմակերպական զարգացման օրինաչափ գործընթաց է: Շատ պետություններ օբյեկտիվորեն անցել են ծագման, կազմավորման ,ծաղկման և անկման փուլերը, բայց հետո վերածնվել են նոր , առավել կատարյալ պետականության ձևով , մյուսները դուրս են ընկել զարգացման փակ շրջանից և դարձել պատմության սեփականությունը / Բաբելոն, Ուրարտու, Աթենք, Հռոմ, Սպարտա և այլն/: Այդուհանդերձ Պոլիբիոսի հայացքներում գլխավորն այն է , որ պետության զարգացման փուլերի փոփոխման հիմքում նա դնում էր  պետական իշխանության և մարդու հարաբերակցության փոփոխությունը:

Անցյալի առաջադեմ մտածողները որոնում էին հասարակության զարգացման այնպիսի ուղիներ,որոնցում պետությունը հանդես գար որպես սոցիալական արդարության հաստատման գլխավոր գործիք: Այս սկզբունքային դրույթից էր ելնում առաջադեմ քաղաքական-իրավական միտքը, պետության տիպաբանությունը սահմանելիս : Սակայն  այդ պրոբլեմի նկատմամբ միասնական տեսակետ չի եղել: Այդ արտակարգ բարդ և ոչ միանշանակ հասարակական երևույթի գնահատման գիտական մոտեցումների բազմազանությունը պետության տիպաբանության կոնցեպտուալ բազմակարծության օբյեկտիվ հիմք հանդիսացավ:

Автор: Հովսեփ Գևորգյան

Оставьте комментарий