Հայ իրավունքի ծագումը


Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը: Պետաության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ: Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները: Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում: Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ: Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականումսովորույթներն էին:

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը: Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր:

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը հեշ չի կատարվել, այն տևել է հարյուրամյակներ: Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է: Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է աբցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին: Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ: Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները:
Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար: Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները: Այդ աղբյուրներն են.

  1. սովորույթը կամ սովորութային իրավունքը
  2. կանոնական կամ եկեղեցական իրավունքը
  3. օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
  4. ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)
  5. իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները:

Սովորույթներ

Հին պետությունների օրենսդրական ժողովածուները հիմնականում կազմված են սովորութային իրավունքի փոխառումերնից: Այդպիսին են Բաբելոնի «Համմուրաբի թագավորի օրենքները», Հին Հռոմի «12 աղյուսակները», Հին Հունաստանի «Սոլոնի օրենքները» և այլն: Հնում հայերի համար օրենքը, փաստորեն, նույն պարտադիր սովորույթն էր: Դա պարզորոշ կերպով արձանագրված է հին հայկական մատենագիրների մոտ, որոնք շատ հաճախ էին կիրառում «օրենքը նախնեաց», «կարգ նախնեաց» և նման այլ արտահայտություններ, որոնք ըստ էության նշանակել են մի բան՝ սովորութային իրավունք: Սովորութային նորմերն իրավունքի աղբյուր են եղել նաև միջնադարյան Հայաստանում:

Եկեղեցական կանոնների ժողովածուներ

     Հիմնական հոդված ՝ Հայ եկեղեցական իրավունք:

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները: Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են: Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին: Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համակվում են իրավական նորմերի բնույթով: Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու:

Օտար իրավունքի ռեցեպցիա (օրենք)

   ՝ Օտար իրավունքի ռեցեպցիան հայ իրավուքում:

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես սովորութային իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի, ինչպես օրինակ մովսեսական, ասորահռոմեական և, մանավանդ, բյուզանդական օրենքների մասնակի կիրառումը, և երբ դրա հետևաքով էլ առաջանում է տեղական ազգային օրենսգիրք կամդատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը: Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք: Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով. բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակոով, երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները:

Ազգային դատաստանագրքեր

Հայկական դատաստանագրեր:

Բնականաբար, հայոց իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլիդատաստանագրքերը:

Իրավահայտ աղբյուրներ (մատենագիրների աշխատանքներ)

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը: Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ: Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար: Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են: